Մատչելիության հղումներ

եթերում Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը

Վաշինգտոնում այսօր հանդիպեցին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ նախագահը

Երեք երկրները ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը

Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն հանձն են առել ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

00:17

«Սա օր է, որ կհիշվի Ադրբեջանի ժողովրդի կողմից՝ նախագահ Թրամփի կողմից՝ մեր երկրի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Այսօր մենք խաղաղություն ենք հաստատում, որը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանում, որը կվերացնի խոչընդոտները և հնարավորություններ կստեղծի բազմաթիվ երկրների համար», - ասել է Ալիևը և նշել, - «Նախագահ Թրամփն է խաղաղություն բերում Կովկասում, և մենք շնորհակալ ենք դրա համար։ Մենք շուռ կտանք արյունայեղության էջը, և պայծառ ապագա կապահովենք մեր երեխաների համար»:

00:11

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

«Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած տեսակի կռիվ, բացել առևտրային, ճանապարհորդական, դիվանագիտական հարաբերությունները, հարգել միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Իրենք շատ լավ հարաբերություններ են ունենալու: Այդքան շատ չեն իրար հանդիպել, բայց կարծում եմ՝ կհանդիպեն: Կասկած չկա, եթե ոչ, ինձ զանգեք, ես կշտկեմ ամեն ինչ», - ասել է նա:

Միաժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն վերացնում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության սահմանափակումները:

Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա նա ասել է, որ երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը:

Թրամփի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները լայնածավալ ենթակառուցվածքային զարգացում են ծրագրում Հայաստանում և Ադրբեջանում:

00:03

ԱՄՆ նախագահը, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով:

«35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են և ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Մեծագույն պատիվ է բոլորին ողջունելու Սպիտակ տանը՝ այս պատմական գագաթնաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական նշանակության հռչակագիրը»,- ասաց Դոնալդ Թրամփը:

Նա հավելեց, որ ստորագրվելիքը մեծագույն կարևորության փաստաթուղթ է:


00:00

«Սպիտակ տան հաղորդմամբ, այսօր ձեռք բերվելիք համաձայնությունները չեն ուրվագծում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, անդրադարձ չկա նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո ի հայտ եկած մարդու իրավունքների խնդիրներին», - գրում է New York Times-ը, հավելելով,-
«ակնկալվում է, որ Թրամփի անունով կոչված տարանցիկ միջանցքի ստեղծումն իր հերթին նոր մարտահրավերներ կբերի»։

Թերթը հիշեցնում է, որ արդեն իսկ եղել են բացասական նախազգուշացումներ Թեհրանից, որը իր սահմանի երկայնքով ԱՄՆ-ի բացառիկ տնտեսական զարգացման գոտու ստեղծումը համարում է պոտենցիալ սպառնալիք։

Այս շաբաթվա սկզբին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին սոցիալական ցանցերում գրել էր, որ նման միջանցքի ստեղծումը կհանգեցնի «Իրանի կողմից վճռական արձագանքի»։

23:56 8.8.2025

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումը:

23:52 8.8.2025

Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի ձեռքսեղմման արարողության ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է Սպիտակ տան ղեկավարին, թե որքանո՞վ է վստահ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում: ԱՄՆ նախագահը պատասխանել է․ -
«Ես շատ վստահ եմ դրանում»:

23:44 8.8.2025

Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:


23:33 8.8.2025

Վաշինգտոնում ավարտվել է Հայաստանի վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը:

Այժմ ընթանում է Թրամփի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը քիչ առաջ ժամանեց Սպիտակ տուն:



Ադրբեջանական APA-ն ավելի վաղ հաղորդել է, թե Իլհամ Ալիևը այսօր Վաշինգտոնում կստորագրի համաձայնագիր, որը նախատեսում է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։

Երկրորդ, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, այսօրվա հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև կստորագրի փաստաթուղթ, որը կասեցնում է 1992 թվականին ընդունված «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը, որն արգելում էր Վաշինգտոնին ուղիղ օժանդակություն հատկացնել Ադրբեջանին։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն էլ, իր հերթին, X-ում Սպիտակ տան լուսանկարն էր հրապարակել՝ կից գրելով․ - «Նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է պատերազմը, այժմ էլ խաղաղությունն է նվաճում»։

23:32 8.8.2025

Գերմանական DPA գործակալությունը հաղորդում է՝ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով, այսօր կստորագրվի հռչակագիր՝ Սյունիքով առևտրային ճանապարհ կառուցելու վերաբերյալ, որը կկոչվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP):

Այդ երթուղին Ադրբեջանին անարգել մուտք կտա դեպի Նախիջևան, հաղորդում է DPA-ն:

23:29 8.8.2025

Նախագահ Դոնալդ Թրամփին լրագրողները հարց ուղղեցին՝ արդյոք նա ինչ-որ բան ունի՞ ասելու հալածված հայերի վերաբերյալ։ Նախընտրական շրջանում Թրամփը քննադատել էր մրցակից, դեմոկրատ Քամալա Հարիսին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ ոչինչ չանելու, հայերի էթնիկ զտմանը չարձագանքելու համար։ Թրամփը չարձագանքեց լրագրողների հարցին։

Այսօր ավելի վաղ տեղի ունեցած ճեպազրույցում ամերիկացի պաշտոնյաները շրջանցել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը, հաղորդել էր Reuters-ի թղթակիցը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG