Մատչելիության հղումներ

Վաշինգտոնից հետո. ինչ է հայտնի ու ինչն է անհայտ «Թրամփի ուղու» մասին


«Դարակազմիկ իրադարձություն» vs «անորոշություն և վտանգներ»

Հայաստանի իշխանությունը հաջողություն, պատմական իրադարձություն է որակում Վաշինգտոնում ապաշրջափակման պայմանավորվաությունը, ընդդիմությունը՝ զիջողականություն:

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է: Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:

«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- նշված է հռչակագրում:

Բայց թե ե՞րբ տեղի կունենա հայ-ադրբեջանական ապաշրջափակումը, ժամկետը Վաշինգտոնում չհստակեցվեց՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՞, թե առաջ:

Երբ Ադրբեջանի համար ամրագրվում է իր հիմնական տարածքի ու Նախիջեւանի միջեւ Հայաստանով անխոչընդոտ կապը, ինչո՞ւ նույն ձևակերպումը չկա Ադրբեջանի տարածքով Հայաստանի անցման դեպքում, հարցնում է «Հայաստան» խմբակցությունից, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիստինե Վարդանյանը. - «Ալիևը այս հանդիպումից առաջ ասել էր, որ պետք է երես չտեսնեն որևէ սահմանապահի և պիտի ունենան անխոչընդոտ կապ: Հիմա Ալիևի ձևակերպումներն ամրագրված են պայմանավորվածությունում»:

Խորհրդարանական մյուս ուժի՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ևս նույն՝ անխոչընդոտ անցման վրա է կենտրոնանում. - «Հայաստանի իշխանություններն անընդհատ շեշտում են, որ սա պետք է լինի հայելային, բայց հայելային որևէ բան արտացոլված չէ, միգուցե ինչ-որ նամյոկներ կան, բայց տեքստային առումով որևէ ընկելելի բան այնտեղ արտացոլված չէ»:

Վարչապետ Փաշինյանը ոչ մի տարընթերցում չի տեսնում, հավաստիացնում է. - «Նկարագրված է մի առավելություն, ասված է, որ այդ նույն առավելությունը փոխադարձաբար պետք է ունենա ՀՀ-ն»:

Ինչ է հայտնի «Թրամփի ուղու» մասին

Այս պահին հայտնի է, որ Հայաստանով անցնող ճանապարհը կոչվելու է «Թրամփի ուղի»՝ կարճ՝ TRIPP, Երեւանն աշխատելու է Վաշինգտոնի, ինչպես նաև փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանում Թրիփը կյանքի կոչելու համար։

Նիկոլ Փաշինյանը երեկ վստահեցնում էր՝ միայն ստորագրված փաստաթղթերն են, ապաշրջափակմանն առնչվող այլ փաստաթուղթ, պայմանավորվածություն չկա: Դետալները հետոյի հարց են, բայց լուծումները պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակներում:

Առավելություններ կարող են լինել, բայց՝ փոխադարձ. - «Փոխադարձություն նշանակում է, որ բացվում են ճանապարհները Ադրբեջանի համար, բացվում են Հայաստանի համար, չեն բացվում ճանապարհները Ադրբեջանի համար, չեն բացվում Հայաստանի համար, չնայած հիմա էդ տարբերակը էլ չկա: Հիմա պետք է կենտրոնանանք ժամանակին, որակով կառուցելու վրա»:

Վարձով տարածք տալու մասին, հավաստիացնում էր Փաշինյանը, խոսք լինել չի կարող, ՀՀ օրենսդրությամբ նախագիծը իրականացնելու ամենահարմար բանաձեւը կառուցապատման իրավունքն է:

Տիգրան Աբրահամյանը պնդում է. - «Որքան էլ կողմերը փորձում են բրդել, որ սա միջանցքի մասին չէ, բայց այն ամենը, ինչ տեղի է ունենում հողի վրա, ավելի շատ միջանցքային տրամաբանության մեջ կարող է դիտվել, քան սովորական ճանապարհի»:

Երբ ԱՄՆ նախագահը օգտագործեց «միջանցք» տերմինը, վարչապետը տեղում չարձագանքեց դրան, միայն ավելի ուշ հայտարարեց. - «Էն տրամաբանությունը, որ մենք ունենք էդ բառի հետ կապված, աշխարհում շատ սովորական է ընդունվում, բայց էն միջանցքային տրամաբանությունը, որի հետ կապված անընդհատ քննարկումներ եղել են, իհարկե, ակնհայտորեն չի լինելու»:

Քրիստինե Վարդանյանը հարցնում է. - «Սահմանապահ կանգնելո՞ւ է, թե՝ չէ, մաքսազերծում լինելու է, թե՝ չէ: Էս հարցերին պատասխաններ չկան»:

Տեխնիկական մանրամասներ նաեւ հայաստանցի լրագրողներն էին պահանջում՝ վարչապետին ուղղված գրավոր հարցերի միջոցով: Արդյոք Հայաստանի տարածքով անցողների տվյալները հասանելի՞ են լինելու Հայաստանի պետական մարմիններին, հայ մաքսավորն ու սահմանապահն են ստուգումներն իրականացնելո՞ւ, ուղիղ շփմա՞ն, թե՝ այլ տարբերակով: Առանց մանրամասների մեջ մտնելու վարչապետն ասաց՝ պետական ինստիտուտները թե մաքսային, թե անձնագրային հսկողություն պետք է իրականացնեն, բայց և խոսեց պարզեցումներից, այդ թվում՝ տեխնոլոգիաների կիրառմաբ: Թե ի՞նչ աստիճանի պարզեցումներ, չհստակեցրեց: Ալիեւն ուզում է, որ ադրբեջանցիները հայ սահմանապահների երես չտեսնեն, Երևանից նախքան Վաշինգոնի հանդպումը վստահեցնում էին՝ նրանց չհանդիպելու տարբերակ չկա:

Թե ի՞նչ լուծման կգան կողմերը, գոնե այս պահին ասում են՝ դա հետոյի քննարկման հարց է: Ի դեպ, դա էլ է անհայտ՝ արդյոք նոր աշխատանքային խումբ է ձեւավորվելու TRIPP գործարկելու համար: Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ խոսում էր 99 տարով ամերիկյան մասնակցության մասին, ավելին՝ հույս հայտնեց, թե հայկական կողմը մեկ դար անց կերկարաձգի ժամկետը:

Վարչապետն ասում էր՝ լինելու են ներդրողեր ու ներդրումային ընկերություններ, շատ հետաքրքիր նախագծեր՝ գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, արդյոք տարանցման մասին էր խոսում, թե Ադրբեջանից, օրինակ գազ գնելու, չհստակեցրեց: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ մեկ տարի առաջ ադրբեջանական գազ գնելու տարբերակը շատ լավ գաղափար էր համարում:

Թրամփի ստորագրությունը՝ Պուտինի ստորագրության փոխարեն

Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրված նախորդ փաստաթուղթը, որի մեջ ապաշրջափակման հարցին կար անդրադարձ, 2020-ի եռակողմ հայտարարությունն էր: Պուտինի ստորագրությունը 5 տարի անց փոխարինվեց Թրամփի ստորագրությամբ:

Երեւանն ու Մոսկվան, մասնավորապես ռուս սահմանապահների դերի մասին տեւական վեճ ունեին. ռուսները պնդում էին իրենք պետք ապահովեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցման անվտանգությունը, Երևանը, որ հայկական կողմը:

Այս նախագծում ուժային կոմպոնենտ չկա, ամերիկյան ներկայությունը նկատի ունենալով հայտարարեց Փաշինյանը: Հայկական կողմում անվտանգությունը ՀՀ-ն է ապահովում, ադրբեջանականում՝ Ադրբեջանը: Ամերիկացի պաշտոնյաները երեկ շեշտում էին՝ սա բիզնես նախագիծ է:

Վարչապետ Փաշինյանը այսօրվա ասուլիսում շտապեց հանգստացնել Իրանին ու Ռուսաստանին՝ նրանց շահը մատնացույց անելով:

«Գուցե այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որ տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև»:

Հայաստանի և Ադրբեջանի լիդերները վստահ էին, որ ամերիկյան միջնորդորությամբ պայմանավորվածությունները պահվելու են: Վարչապետ Փաշինյանը շեշտում էր, որ Հայաստանն ապաշրջափակվում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ, ընդդիմությունը այդ ընթացքում վարչապետի այս լավատեսությանը հակադրում է Ալիևի՝ Երևանից առավելագույնը ստանալու քաղաքականությունը:

«Իլհամ Ալիևը ստացել է այն, ինչ պահանջում էր՝ անխոչընդոտ կապ Հայաստանի տարածքով, ամերիկյան կողմը ստացել է իմիջային առավելություն՝ ներկայանալով որպես տարածաշրջանում խաղաղություն բերող, իսկ Հայաստանը, ըստ էության, էլի չունի ձեռքբերում, դրա համար խոսում ենք միակողմանի զիջումների մասին»,- պնդում է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG