Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում սպասվող համաձայնություններին ընդառաջ մի շարք հարցեր մնում են բաց


Հայաստան - Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանը, օգոստոս, 2025թ.
Հայաստան - Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանը, օգոստոս, 2025թ.

Չնայած Երևանի պնդումներին, թե տարածաշրջանի կապուղիները պետք է բացվեն միաժամանակ և հայկական կողմի համար չորս հիմնական սկզբունքների պահպանմամբ, Վաշինգտոնում սպասվող համաձայնություններին ընդառաջ մի շարք հարցեր բաց են մնում:

Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանապարհները բացելու են միմյանց համար, այս պահին հայտնի չէ: Տարիներ շարունակված բանակցություններում հայկական կողմը մշտապես ընդգծել է ընդհանուր ապաշրջափակման կարևորությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անգամ շեշտել էր՝ այլ օրակարգ պարզապես չկա:

«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին վերցրած այդպիսի օրակարգ չկա: Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները և՛ ներքին, այսինքն ՝Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար», - պնդել էր Փաշինյանը:

Մինչ այս պահը, սակայն, երբ ժամեր են մնացել Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի առաջնորդների բանակցություններին, միջազգային լրատվամիջոցները գրում են՝ լուծվում է Սյունիքով անցնող և Ադրբեջանի պահանջած 43 կիլոմետր ճանապարհի հարցը:

Լրատվամիջոցների այս պնդումների վերաբերյալ իշխանականների երեկվանից պահպանվող լռությունը այսօր խախտեց Ազգային ժողովի փոխնախագահը: Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդեց, թե ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է «ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա»: «Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով», - գրել է ԱԺ փոխնախագահը:

Ռուբինյանը, սակայն, չի դարձել առանցքային մյուս հարցերին՝ ովքե՞ր են ստուգելու Հայաստան մուտք գործող ադրբեջանական բեռներն ու քաղաքացիներին, հայ մաքսային և սահմանային ծառայության աշխատակիցնե՞րը, թե՞ ամերիկացիները, ո՞վ է իրականացնելու անվտանգության ապահովումը:

Այս հարցերի վերաբերյալ Երևանն ու Բաքուն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներն են հայտնել:

Մոտ երեք շաբաթ առաջ Ալիևը պնդել էր, թե «ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահների երես տեսնեն»: Երևանից հակադարձել էին՝ նրանց չհանդիպելու որևէ տարբերակ չկա: Իսկ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում որպես սկզբունք է ձևակերպված, թե ովքեր պետք է իրականացնեն այդ գործառույթները:

«Սկզբունք թիվ 2՝ յուրաքանչյուր երկրի իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը», - հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սրան զուգահեռ՝ Փաշինյանը հուլիսի 17-ի իր ասուլիսում ներկայացնում էր տեխնոլոգիական լուծումներով մի տարբերակ, որը թույլ կտա խուսափել մարդկային կոնտակտից. - «Այսինքն, չեն ասում՝ «անձնագիր տու, սենց նայի, սենց նայի», այլ տեղի ա ունենում բանի կոնտակտ, որ բիոմետրիկի, կենսաչափական անձնագրերի դպքում անձնագրով մարդը առնչվում ա, այ երբ որ կարմիր լույս ա վառում, էդ ժամանակ արդեն որոշակի գործառույթներ կան, և էդ էլ պետք ա ճշգրտվի, թե էդ ամեն ինչը ոնց ա արվում»:

Եթե որոշվի, որ ադրբեջանցիների անցումը տեխնոլոգիական լուծումներով կազմակերպելու են ամերիկացիները, ապա Ադրբեջանի տարածքով անցման դեպքում հայաստանցիների համար ի՞նչ պայմաններ և անվտանգության ի՞նչ երաշխիքներ են գործելու: Սրա վերաբերյալ նույնպես պատասխան կա «Խաղաղության խաչմերուկ» նախագծում՝ կրկին ֆիքսված որպես հայաստանի համար կարևոր սկզբունք:

«Սկզբունք թիվ 4՝ բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող էր իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ», - հայտարարել էր վարչապետը:

Կպահպանվեն այս սկզբունքները, թե՝ ոչ, հավանաբար պարզ կդառնա ժամեր անց, երբ ավարտվեն բանակցությունները: Մինչ այդ, Երևանում տարբեր մեկնաբանություններ ու գնահատականներ են հնչում, որոնց Վաշինգտոնից արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակը՝ շեշտելով. - «Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնել է, համաձայնում է կամ կհամաձայնի միջանցքային լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում»:

Միջազգային և տեղական մամուլի տարաբնույթ արտահոսքերի պայմաններում պաշտոնական Երևանից ևս երկու արձագանք է հնչել:

Վարչապետ Փաշինյանը՝ ավետարանական մեջբերմամբ. - «Երանի խաղաղարարների, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն»:

Արտաքին գործերի նախարարը՝ լավատեսական ուղերձով. - «Հայաստանի Հանրապետության համար, ներկայի ու ապագայի համար: Ձե'ր համար, երեխեք»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG