Հայաստանում հանրաքվե չեղած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնում՝ Սահմանադրությունը կփոխվի:
«Չեմ կասկածում, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում՝ իսկ հայկական կողմն ինքը հայտարարում է նման փոփոխությունների անհրաժեշտության մասին, տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ այնտեղից կհանվեն։ Հակառակ դեպքում դա, առաջին հերթին, կլինի անհարգալից վերաբերմունք Միացյալ Նահանգների հանդեպ»,-
լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Որովհետև բոլորը գիտեն, և մեր դիրքորոշումը հասկանում են գրեթե բոլոր առաջատար միջազգային դերակատարները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Որովհետև երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրվում, բոլոր հարցերը պետք է լուծվեն, և մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է բացառվեն դրանից։ Հետևաբար, ես կասկածներ չունեմ այս հարցում», - հավելել է Ադրբեջանի նախագահը։
Նա ընդգծել է, որ «Հայաստանի սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո, խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած պահի»։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երեք երկրների ղեկավարները Վաշինգտոնում կայացած հանդիմանը ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը: