7 տարի առաջ քննված ու կարճված գործի շրջանակներում ՊԵԿ նախկին նախագահը կալանավորվեց

Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 7 տարի առաջ քննված ու կարճված մի գործ, ըստ որի՝ այսօր կալանավորվեց ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ:

Գործը վերաբերում է 2018 թվականին հարուցված քրեական վարույթին, ըստ որի՝ մինչև իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը:

Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել ու, որ այդ շղթայում նաև ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են:

Այդ ժամանակ ԱԱԾ տարածած տեսանյութում ասվում էր, որ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծել բացառապես 2017 թվականին Հայաստանում հիմնադրված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով:

«Հատկանշական է, որ գործունեություն ծավալելու համար «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ աշխատասենյակներ են տրամադրվել ՊԵԿ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսազերծման մասնագիտացած լուծարված մաքսատան շենքի տարածքում՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով տնտեսվարողների մոտ այդկերպ ևս ընդգծել նշված ընկերության հատուկ արտոնյալ կարգավիճակը», - ասված է ԱԱԾ 2018-ին տարածած հաղորդագրության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն պնդում է, որ բացահայտել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմա

Իրավապահներն այդ ժամանակ նշում էին՝ հեղափոխությանը նախորդող 9 ամիսներին ընկերությունը տնտեսվարողներից 37,5 միլիոն դոլար է ստացել, որից 7 միլիոն դոլարն ընկերության անօրինական եղանակով ստացած եկամուտն է եղել:
Դեռ այդ ժամանակ կալանավորվել էին «Նորֆոլկ» ընկերության տնօրեն Արմեն Ունանյանն ու ընկերության ևս երեք պատասխանատու աշխատակիցներ: Օրեր անց տնօրեն Ունանյանը հայտարարել էր, թե ընդունում է իրենց առաջադրված մեղադրանքն, ըստ որի՝ չարամտորեն խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Հայտնել էր, որ իր նախաձեռնությամբ կատարել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և, որ 7-10 օրվա ընթացքում պատրաստվում է վճարել ևս 1.5 միլիոն դոլար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փորձագետը «Նորֆոլկ Քոնսալթինգ» հետ կապված կոռուպցիոն բացահայտումները պայմանավորում է քաղաքական իրավիճակի փոփոխությամբ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նորֆոլկը» պետբյուջե է վերադարձրել 721,4 միլիոն դրամ․ ՊԵԿ


Իրավապահների հաղորդագրություններում նշվել էր նաև, որ «քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ», բայց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մասին խոսք չկար: Նրան ոչ 7 տարի առաջ, ոչ էլ այժմ՝ ձերբակալությունից առաջ, չեն հարցաքննել: Նրա փաստաբան Արմեն Անդրիկյանն ասում է՝ հարցաքննության համար որևէ հիմք իրավապահները չեն ունեցել:

Այսօր Վարդան Հարությունյանի կալանքի դատական նիստից հետո փաստաբան Անդրիկյանը մեղադրանքն ամբողջովին անհիմն համարեց, ասաց, որ դեռ 2018-ին իրականացված քննության ժամանակ Վարդան Հարությունյանի կապն այս ընկերության հետ հերքվել է, և որ իրավապահները չէին կարող նախկինում հերքված մեղադրանքների հիման վրա կալանավորել ՊԵԿ նախկին նախագահին:

«Այսինքին՝ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ 7 տարի առաջ ամբողջությամբ քննություն է իրականացվել, այդ քննության արդյունքում քրեական վարույթը կարճվել է, այդ թվում կապ չի հայտնաբերվել ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների «Նորֆոլկ» ընկերության միջև, այդ հիմքով կարճվել է», - ասաց նա:

Մինչ Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննում էր Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը, դատարանի մոտ հավաքվել էին մոտ երկու տասնյակ մարդիկ, որոնք ներկայանում էին որպես Հարությունյանի հարազատներ ու ընկերներ: Ասացին՝ Վարդան Հարությունյանը վերջին տարիներին բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում: Նրանք չհայտնեցին՝ Հարությունյանն ինչով էր զբաղվում Ռուսաստանում, միայն նշեցին, որ այս օրերին կարճատև այցով է եկել Հայաստան, որտեղ էլ անմիջապես ձերբակալվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը

Հարությունյանը աշխատում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետում: Վերջինիս անունը վերջին շաբաթներին շրջանառվում էր որպես գործարար Սամվել Կարապետյանի կողմից ստեղվելիք ուժի վարչապետի հնարավոր թեկնածու, ինչը ոչ հերքել, ոչ հաստատել էր կալանավորված միլիարդատիրոջ եղբորորդին:

Ավելի ուշ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի Էջում տեղադրված մի հոդվածում կրկին խոսվել էր այն մասին, որ Կարապետյանին աջակցող ընդդիմադիր ուժերի ընտրական ցուցակը կարող է գլխավորել հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կալանավորված գործարարին հրապարակավ աջակցություն հայտնած նախկին վարչապետը որևէ կերպ այս լուրերին չի արձագանքել:

Վարդան Հարությունյանն, ըստ մամուլի, իր ընտանիքի անդամների հետ նաև մասնակցել է հաջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հրավիրված հանրահավաքին: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ձերբակալությունը կապ ունի Վարդան Հարությունյանի քաղաքական հայացքների հետ, փաստաբանն ըստ էության չպատասխանեց:

Հարությունյանի փաստաբանն ասում է, որ իրենց համար անհասկանալի իրավական իրավիճակ է ստեղծվել: Նախատեսում են վերաքննիչ բողոք ներկայացնել ու հանդես գալ հայտարարությամբ: