Հայաստանյան դատարանները տարբերակված մոտեցում են դրսևորում խափանման միջոցի վերաբերյալ որոշումներն ընդունելիս, կալանքը որպես խափանման միջոց ավելի շատ կիրառվում է ընդդիմադիրների, իշխանության ընդդիմախոսների նկատմամբ, ու այն շատ հազվադեպ է փոփվում այլ՝ ավելի մեղմ խափանման միջոցով, համոզված է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Այս իշխանության օրոք պաշտոն զբաղեցրած անձանց դեպքում, մինչդեռ, ավելի մեղմ խափանման միջոցներ են կիրառվում, Հովհաննիսյանը նման եզրահանգման է եկել հատկապես վերջին ամիսների կալանավորման դեպքերն ուսումնասիրելուց հետո։ Ըստ նրա՝ կալանքը հիմնականում օգտագործվում է որպես ճնշման մեթոդ։
«Դիտարկելով այն բոլոր դեպքերը, որոնցով կալանքը կիրառվում է որպես խափանման միջոց, այստեղ կա նաև իրավական պետությանը հակասող մի մոտեցում, որ օրենքը միատեսակ չի կիրառվում, եթե անձն, օրինակ, ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվում: Իհարկե, դատավարությունների և հատկապես քննաչական գործողությունների ընթացքում հաճախ կալանքը կիրառվում է որպես նաև անձից ցուցմունքներ կորզելու, անձի կամքը կոտրելու, որոշակի, միգուցե դատավարական նախաքննության համար կարևոր տեղեկատվություն ստանալու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Օրերս հայտնի դարձավ, որ փոխվել է շուրջ մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արաբկիրի թաղապետի խափանման միջոցը փոխվել է. նա սկսել է աշխատանքի հաճախելԿաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կազմակերպելու համար մեղադրվող պաշտոնյան վարչական վերահսկողության տակ է, կիրառվել է գրավ և բացակայելու արգելք, սահմանափակվել է նրա շփումը գործով անցնող կողմերի հետ: Ազատյանի հետ միասին գործով անցնում են նաև նրա ենթակաները։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Ազատյանի ու մյուս 12 մեղադրյալների գործով դատավարությունն էր։ Դատարանն այս փուլում ուսումնասիրում է ապացույցները։
Ավելի վաղ էլ՝ հուլիսի 25-ին, Քննչական կոմիտեի նախկին պաշտոնյա Գոռ Թադևոսյանի բանտային կալանքը փոխարինվել էր տնայինով, բացակայության արգելքով ու գրավով։ Նա էլ հենց Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելը կազմակերպելու համար է մեղադրվում։
«Մշտապես կա այդպիսի դիտակետ, որ տեսանելի է դառնում այն խնդիրը՝ արդյոք անձը լոյալ է իշխանությունների նկատմամբ, թե ընդդիմադիր գործիչ է: Ընդդիմադիրների նկատմամբ կալանքը մասսայականորեն կարող է կիրառվել, իսկ նույնիսկ ծանրագույն հանցագործությունների դեպքում, երբ պետք է բացահայտվի, օրինակ, կոռուպցիոն շղթա, կարող է ավելի մեղմ լինել քննչական մարմինը և տնային կալանք նշանակել, օրինակ», - նշեց Զարուհի Հովհաննիսյանը:
Նույն ընթացքում դատարանն անփոփոխ էր թողել քաղցկեղը հաղթահարած՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի գործով կալանավորած ընդդիմադիր Աղվան Արշակյանի խափանման միջոցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տվեք որդուս, ես խնամեմ». քաղցկեղ հաղթահարած ընդդիմադիրը կմնա կալանքի տակՆույն որոշումն էր կայացրել նաև դատախազը: Փաստաբան Վարազդատ Հարությունյանն «Ազատությանն» ասել էր, որ դատախազը մերժել է ազատ արձակել Աղվան Արշակյանին, քանի որ ձեռքի տակ չկան նշանակված, բայց դեռ չավարտված բժշկական փորձաքննության արդյունքները:
Արշակյանի փաստաբանն այսօր հրաժարվեց ասել՝ արդյոք ավարտվել են հետազոտությունները, թե ոչ։ Սակայն տեղեկացրեց՝ դատարանը քննել է իրենց նոր միջնորդությունն, ու հիմա որոշմանն են սպասում։
Մինչ այդ, Արշակյանի հարազատներն ահազանգում են՝ 28-ամյա երիտասարդի վիճակը վատթարանում է բանտում։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ է կարծում, որ բանտային պայմաններում կալանավորների առողջական վիճակը սրվում է։
Ոլորտի մասնագետներ, իրավապաշտպանները խնդրահարույց են համարում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանների պրակտիկան ու նախաքննական մարմինների մոտեցումը՝ ամենասկզբում կալանքի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ։
Ըստ իրավապաշտպան Հովհաննիսյանի՝ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձինք ավելի շատ են քան դատապարտյալները. ՔԿՀ-ներում պահվող 2701 անձանց կեսից ավելին՝ ավելի քան 1400-ը, կալանավորվածներն են։ Ընդ որում՝ իրավապաշտպանը նկատում է՝ Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց ոչ միայն լայնորեն է կիրառվում, այլև՝ տարեցտարի ավելանում են նման դեպքերը։