31 տարի առաջ Բուդապեշտում ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործը հավանաբար կսկսվի այսօր երեկոյան Վաշինգտոնում: Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են՝ Մինսկի խմբից դուրս գալու համատեղ դիմում ԵԱՀԿ-ին կներկայացնեն Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետները:
Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ու Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան համանախագահությամբ գործող այս խումբը թոշակի ուղարկելու մասին Բաքուն սկսեց խոսել 44-օրյա պատերազմից հետո, մեկ տարի առաջ այդ ցանկությունը դարձավ նախապայման՝ խաղաղության պայմանագրի ստորագրության համար: Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդ ժամանակ հայտարարում էին՝ պայմանագիրը ստորագրվի՝ հետո:
«Խաղաղությունը երբ որ կայացած փաստ է, էդ ձևաչափի գոյությունը, կարծում եմ, իրոք կարող է հարցեր առաջացնել: Խնդիրը էստեղ ժամկետի մասին է, որովհետև իմ տրամաբանությամբ՝ ընդհանրապես որևէ գործում պետք չի կառքը ձիուց առաջ դնել»», - ասում էր վարչապետը:
Այս տարվա հունվարին արդեն Փաշինյանն ինքն էր առաջարկում լուծարել Մինսկի խումբը: Նա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ 12 առաջարկներ հրապարակեց Ֆեյսբուքի իր էջում, խմբի լուծարումը վերջին տողում է. ի դեպ կետերից մեկն էլ ամբողջությամբ պահվող անձանց խնդիրը լուծելն է:
Երկու ամիս անց վարչապետը բացատրում է՝ ժամկետը հարց չէ, պատրաստ է որոշակի լուծումների գնալ. - «Ժամկետը՝ երբ, ոնց, ինչպես, էլի եմ ասում, ժամկետը նպատակ չէ»: «Ներողություն, այսինքն՝ արդեն համաձա՞յն ենք մինչև ստորագրելը լուծարել», - Հանրային հեռուստաընկերության լրագրողի այս հարցին նա պատասխանեց. - «Ես էլի եմ ասում՝ մեր նպատակը ժամկետը չի, մեր նպատակը բովանդակությունն է: Այսինքն՝ բովանդակությունը երբ կհասցեագրվի, մենք պատրաստ ենք, կամ բովանդակության հասցեագրման ի՞նչ մեխանիզմ կգործի, եթե այդ մեխանիզմը հուսալի և վստահելի կթվա, իհարկե՝ մենք պատրաստ ենք նաև գնալ որոշակի լուծումների»։
Այս հարցազրույցում Փաշինյանը հիմնավորում է՝ դեպի խաղաղություն ենք գնում, Մինսկի խմբի ֆորմատն արդիական չէ: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են, կոնֆլիկտային իրավիճակ չկա: Վարչապետը, սակայն, նշում է՝ պետք է համոզվել, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքում կոնֆլիկտի նպատակադրում չունի. - «Սա կարևոր նրբություն է: Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը դա քննարկելի և օրակարգային հարց է»:
Մեկ ամիս անց՝ ապրիլին Նիկոլ Փաշինյանը վերադառնում է «կառքը ձիուց առաջ դնելու», այսինքն՝ պայմանագիրը ստորագրելուց առաջ խումբը լուծարելու անընդունելիությանը: Այս անգամ խորհրդարանական ամբիոնից է կրկնում՝ ուզում է համոզվել, որ Բաքուն Մինսկի խմբի լուծարմամբ հակամարտությունն իր տարածքում փակում է և այն չի բացում Հայաստանի տարածքում: Առաջարկում է խաղաղության պայմանագիրն ու խմբի լուծարման դիմումը նույն սեղանին ստորագրել՝ միաժամանակ. - «Այսինքն՝ սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը և նույն տեղում, նույն պահին ստորագրել թե՛ առաջինը և թե՛ երկրորդը։ Սա, ընդ որում, պաշտոնական առաջարկություն է»։
Մինչև այս պահը վաշինգտոնյան օրակարգի վերաբերյալ միջազգային մամուլի տարածած տեղեկություններում մի քանի համաձայնությունների մասին է խոսվում, դրանց թվում խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրում չկա:
«Մինսկի խումբը լուծարում ես, գոնե դրա դիմաց մի բան ստացիր, էլի, գոնե գերիներին վերադարձրու, որը համարում ես առաջնահերթություն: Մի գերի էլ չես վերադարձնում, բայց Մինսկի խումբ ես լուծարում՝ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար ես լուծարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրվապաշտպան, «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը:
Բեգլարյանի կարծիքով՝ խմբի լուծարումը միակողմանի զիջում է ոչ մի բանի դիմաց. - «Գլխավոր խնդիրն այն է, որ առանց հակամարտությունը կարգավորելու և հակամարտության հիմնական բաղադրիչներին անդրադառնալու, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական անգամ Ալիևի պահանջը կատարում է և Ալիևի ձեռքերը ավելի է ազատում»:
Բեգլարյանը համաձայն չէ, որ հակամարտություն չկա. - «Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս հակամարտություն չկա»:
Եթե նույնիսկ մի կողմ դնենք արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, հայ - ադրբեջանական օրակարգում հակամարտության մի շարք բաղադրիչներ կան, ըստ Բեգլարյանի. գերիների հարց, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիա Ադրբեջանի կողմից, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն ու Թուրքիայի փակ սահման, Արցախի մշակութային ժառանգության ու մարդկանց սեփականության ոչնչացում:
Մինսկի խումբն այսօր ոչինչ անել չի կարող, բայց վաղը կարող է հարմար հարթակ դառնալ, ասում է Արցախի նախկին պետնախարարը. - «Երբ որոշակի ռուս-արևմտյան կոնսենսուս լինի, Եվրոպայում և աշխարհում նոր աշխարհակարգի կամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության սկզբունքների շուրջ, Մինսկի խումբը կարող է լինել այն ձևաչափը, որտեղ կքննարկվեն և ինչ-որ ձևով լուծումներ կտրվեն հակամարտության չկարգավորված խնդիրներին, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձին, օկուպացված տարածքների ազատմանը, գերիների վերադարձին, և այլն, և այլն»:
Մինսկի խմբի 30-ամյա գործունեության ընթացքում Արցախյան հակամարտության լուծման մի շարք առաջարկներ են ներկայացվել՝ փաթեթային-փուլայինից մինչև Կազանյան, Մադրիդյան սկզբունքներ ու Լավրովի պլան. համանախագահների ոչ մի առաջարկի շուրջ հայ- ադրբեջանական համաձայնություն չի եղել: Ըստ լրատվամիջոցների՝ համաձայնություն կա հիմա ՝ խումբը ցրելու հարցում: